«Արցախի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առաջին բանը, ինչի համար Փաշինյանը դարդ արեց, օծանելիքն ու ժամացույցն էին»․ քաղաքացիները օծանելիք և ժամացույց են բերել ԱԱԾ–ի դիմաց (տեսանյութեր)
Անհնազանդության ակցիաներ իրականացնող մի խումբ քաղաքացիներ օծանելիքներ և ժամացույցներ են դրել ԱԱԾ շենքի դիմաց։
Նրանց խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ մտահոգված էր կառավարական առանձնատնից կորած օծանելիքով և ժամացույցով, քան հանձնված հայրենիքով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ հայտարարության ստորագրումից հետո զայրացած քաղաքացիները ներխուժել էին Կառավարության շենք ու կառավարական առանձնատներ։ Դրան հաջորդած ուղիղ եթերում Փաշինյանը հայտարարել էր, թե ներխուժած քաղաքացիներն օծանելիք ու ժամացույց են տարել, իսկ ԱԱԾ-ն զբաղվել էր գործի բացահայտմամբ։
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը մեկնաբանեց, որ օծանելիք և ժամացույց են դնում ԱԱԾ-ի դիմաց, քանի որ Նիկոլ Փաշինյանի կեցավայրից անհետացած օծանելիքի և ժամացույցի գործը քննվում է ԱԱԾ-ում:
«Խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո, նա, ով իրեն համարում է վարչապետ, առաջին բանը մեր կորցրած հայրենիքը չէր, որի մեղավորը ինքն էր, անհետ կորած մեր եղբայրները չէին, նա գանգատվում էր, որ իրենից հափշտակել են իր ժամացույցը և օծանելիքը: Մենք բերեցինք ԱԱԾ-ի դիմաց, քանի որ գործը քննվում է ԱԱԾ-ում: Տարօրինակ է, որ այս շենքը այդ անունը կրում է, քանի որ մեծ հարց է՝ որ ազգի անվտանգության մասին է խոսքը՝ այն, որ ադրբեջանցի զինվորները մեր հայրենակիցներին մորթում ու գլխատո՞ւմ են ու տեսանյութը դնում համացանց՝ ի ցույց դնելով, որ այս ժողովուրդն այլևս անտեր է, կբռնենք ու կմորթենք, դուք չունեք երկիր ու իշխանություն: Այն ազգի մասին է խոսքը, որի գյուղապետն է բանակցո՞ւմ սահմանների վերաբերյալ թշնամական զորքի հետ»,- նշեց նա:
Հարցին, թե իրավապահները տարբեր քաղաքական գործիչների են հրավիրում հանրահավաքներից առաջ, Սաղաթելյանը պատասխանեց, որ դա զարմանալի չէ, երկուսուկես տարի ԱԱԾ-ն զբաղված էր ոչ թե ժողովրդի և երկրի անվտանգությամբ, այլ զբաղված էր իշխանության անվտանգությամբ և իշխանությանը ոչ հաճելի մարդկանց մեկուսացմամբ:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ Արման Սաղաթելյանը նշեց. «Ես անձամբ որևէ առումով լավատես չեմ՝ իր վիճակը սթափ գնահատելով և ադեկվատ գործելու առումով և ասել եմ, որ նա որդեգրելու է նույն սկզբունքը, ինչ պատերազմի ժամանակ և ամեն մի օր նա գուցե համաձայն կլինի երեկվա հնչեցրած առաջարկին, և լինելու է ուշ։ Դա շարունակելու է այնքան ժամանակ, մինչև իր ոհմակը և իր իշխանությունը վերջնական տապալման, կապիտուլյացիայի բերեն երկիրը»,- ասաց նա: