Դատարանը ԱՄՆ իշխանություններին պարտավորեցրել է վերսկսել «երազողների» դիմումների ընդունումը
Բրուքլինի դաշնային շրջանային դատարանը ԱՄՆ կառավարությանը պարտավորեցրել է վերսկսել նոր դիմումների ընդունումը այն ներգաղթյալներից, ովքեր մանուկ հասակում ապօրինի կերպով բերվել են երկիր եւ այդ ժամանակվանից ապրում են ԱՄՆ-ում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Խոսքը ԱՄՆ տեղափոխված երեխաների համար հետաձգված գործողությունների ծրագրի (DACA) մասին է, որը Բարաք Օբաման ներկայացրել է 2012թ.։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս փորձել է կասեցնել այն ծրագիրը, որը պաշտպանում է այս կարգի անօրինական ներգաղթյալներին («երազողներ») արտաքսումից:
Հունիսին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է համարել DACA ծրագիրը կասեցնելու մասին Թրամփի վարչակազմի 2017 թ. որոշումը։ Բարձրագույն դատարանը որոշել է, որ վարչակազմի գործողությունները «կամայական են եւ քմահաճ»:
Սակայն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունում հայտարարել են, որ մտադիր չեն DACA ծրագրին մասնակցելու նոր հայտեր ընդունել, քանի դեռ գործող վարչակազմը քննարկում է այն «պահելու, չեղարկելու կամ փոփոխելու» նպատակահարմարությունը:
Դատավորը ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է մինչեւ երկուշաբթի իր կայքերում հրապարակել ծանուցում այն մասին, որ ընդունում է նոր հայտեր՝ DACA-ի շրջանակներում:
Նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ով պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, հայտարարել է, որ մտադիր է վերակենդանացնել DACA-ն:
Ներքին անվտանգության նախարարությունը դեռ չի մեկնաբանել դատարանի որոշումը։