Կորոնավիրուսը ախտահարել է նորածնի սրտամկանը
Նոր տիպի կորոնավիրուսը կարող է վնասել նորածինների սրտամկանը: Ուստի, չի կարելի ասել, որ երեխաները վարակը տանում են ասիմպտոմատիկ:
Սրտաբանության ամերիկյան քոլեջի մասնագետները երկու ամսական երեխայի բուժման տվյալներից իմացել են, որ երեխայի մոտ COVID-19-ով վարակվելուց հետո սրտային անբավարարություն է առաջացել և ախտահարվել է սրտամկանը:
Sky News-ի փոխանցմամբ, երեխան վաղ է լույս աշխարհ եկել՝ 33-րդ շաբաթում: Ծնվելուց հետո առաջին երեք շաբաթը նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: Երեխան տառապել է շնչահեղձությունից: Նրա մաշկը կապտավուն երանգ է ստացել:
Բժիշկները կորոնավիրուսի ախտորոշման թեստ են վերցրել, որի պատասխանը դրական է եղել: Նրանք նաև նորածնի սրտի հետազոտություն են անցկացրել և պարզվել է, որ COVID-19-ը վնասել է երեխայի սրտամկանը և խորացրել սրտային անբավարարության ախտանիշները: Բայց բուժումից հետո երեխայի սրտամկանի բնականոն գործունեությունը վերականգնվել է: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից: