Հատուկ նշանակության բժշկական ջոկատը սկսել է ընդունել Լեռնային Ղարաբաղի բնակիչ առաջին պացիենտներին (Տեսանյութ)
Տեղի մոտ 70 բնակիչներ բուժօգնության համար դիմել են Ստեփանակերտում տեղակայված Ռուսաստանի պաշտպանության նախարարության Հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) մասնագետներին։
Բնակիչների դաշտային հոսպիտալ դիմելու պատճառը կապված է հիմնականում սիրտ-անոթային եւ էնդոկրինային հիվանդությունների սրման հետ, դրանից բացի ռազմական բժիշկներին են դիմել ստոմատոլոգիական օգնություն ցուցաբերելու համար, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
ՀՆԲՋ ստորաբաժանումների կազմում կան 100-ից ավելի ռազմաբժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ համաճարակաբաններ։
Բժիշկները, միջին եւ կրտսեր բուժանձնակազմը մշտական պատրաստկանության վիճակում են՝ ցուցաբերելու առաջին բժշկական, որակյալ եւ մասնագիտացված բուժօգնություն։
Յուրաքանչյուր ՀՆԲՋ կազմի մեջ են մտնում լաբորատոր-ախտորոշման բաժանմունքը, որը կարող է օրական անցկացնել մինչեւ 80 ռենտգեն, ֆլյուրոգրական եւ ՈՒՁ հետազոտություններ, վիրակապարանը՝ օրական մինչեւ 40 պացիենտի վիրաբուժական օգնություն ցուցաբերելու հնարավորությամբ, ինչպես նաեւ վիրահատական-վերակենդանացման ախտորոշիչ մոդուլը՝ ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակով։
ՀՆԲՋ մասնագետները կազմակերպելու են խաղաղապահ զորախմբի բժշկական ապահովումը եւ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։
Ռազմական բժիշկներն ավելի վաղ ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 օդանավերով Խաբարովսկի օդանավակայաններից տեղափոխվել էին Հայաստանի Հանրապետություն, իսկ Երեւանից՝ Լեռնային Ղարաբաղ։
Արեւելյան ռազմական օկրուգի Հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղում տեղակայելու համար ընդհանուր տեղափոխվել է 122 զինծառայող, 54 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա, 66 տոննա նյութական միջոցներ։