Ինքնաթիռի ուղևորը խարույկ է վառել զուգարանում և սթեյք պատրաստել
Ամերիկացի կոմիկը չվերթի ժամանակ խարույկ է վառել ինքնաթիռի զուգարանում՝ սթեյք պատրաստելու նպատակով: Նա այդ ամենը տեսանկարահանել է և քննադատության ենթարկվել ցանցում: Միջադեպի մասին հաղորդում է Fox News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով, Delta ավիաընկերության Մարկուս Մոնրո անունով ուղևորը TikTok-ի տեսանյութի համար խարույկ է վառել ինքնաթիռի զուգարանում: Նախ նա նկարահանել է, թե ինչպես է միս տապակում կրակի վրա, ապա պատրաստի ուտեստը տարել է սրահ և կերել այնտեղ:
«Նրանք այլևս տաք ուտեստներ չեն մատուցում ինքնաթիռներում, ուստի… ես գտա լուծումը»,- գրել է Մոնրոն տեսանյութի տակ, որը հետագայում հեռացվել է նրա օգտահաշվից:
Այնուամենայնիվ, օգտատերերը հասցրել են դիտել տեսանյութը, ներբեռնել և տարածել համացանցում: Կոմիկի բաժանորդների մեծ մասը բացասաբար է արձագանքել նրա հնարքին: Նրանք Մոնրոյին մեղադրել են անվտանգության կանոններն անտեսելու և նման հակահիգիենիկ պայմաններում սնունդ պատրաստելու համար:
Ավելի ուշ բլոգերը ներողություն է խնդրել ավիաընկերությունից և ասել, որ տեսանյութը բեմադրություն է եղել: