Ճգնաժամային իրավիճակները Բելառուսում և Ղարաբաղում ուժեղացրեցին Ռուսաստանի դիրքերը. Յենս Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ում Ղարաբաղյան և Բելառուսական իրադրությունները դիտարկել են «ռուսական սպառնալիքի» դիտակետից։
Ըստ այդմ, Հյուսիս-Ատլանտյան դաշինքում վստահ են, որ ճգնաժամային իրավիճակները Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում նպաստել են, որպեսզի Ռուսաստանը էականորեն ամրացնի իր դիրքերը։
Մեկնաբանելով «ռուսական սպառնալիքի» մասին հարցը, կառույցի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ասել է, որ վաղը՝ դեկտեմբերի մեկին մեկնարկող երկօրյա կոնֆերանսի ժամանակ առանձին քննարկման են դրվելու Ռուսաստանի հետ կապված հարցերը։ Քննարկմանը մասնակցելու են մի շարք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։
Ընդհանուր առմամբ, քննարկումները ընթանալու են այն տրամաբանությամբ, թե ինչ կարող է անել դաշինքը, ի պատասխան Ռուսաստանի՝ ընդարձակվող ռազմական ակտիվության։ Սթոլթենբերգը նկատել է, որ Ռուսաստանը արդիականացնում է իր միջուկային զինանոցը եւ նոր հրթիռներ է տեղակայում, նոր ուժեր հաստատում ծայր Հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա։
Սթոլթենբերգը նաև ասել է, որ դաշինքում արձանագրել են, որ Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում ճգնաժամերի պատճառով ընդարձակվել է ռուսական ռազմական ներկայությունը։