Արցախի 15 հանքավայրերից 13–ն անցել է թշնամուն. կասկածի տակ է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործումը
Նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով Արցախի բյուջե ամենամեծ հարկային մուտքեր ապահովող Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրեր շահագործող ընկերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած։ Այս մասին NEWS.am–ին հայտնել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Բանն այն է, որ ընկերությունն իր արտադրական գործունեության համար անհրաժեշտ ջուրը ստանում էր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղից, որը համաձայնագրով՝ 6 այլ գյուղերի հետ հանձնվել է Ադրբեջանին։
Պարսյանի խոսքով՝ թեև ընկերությունը գյուղից հանել է իր պոմպակայանները, սակայն ներկա պահին ջրի այլընտրանքային աղբյուր չկա։
«Եթե Արցախի իշխանությունները չբանակցեն ադրբեջանական կողմի հետ և չվերականգնեն այս ջրամատակարարումը, ապա այս հանքավայրերի հետագա շահագործումը կդրվի կասկածի տակ։ Իսկ այլ տեղից ջուր բերելը ենթադրում է լրացուցիչ ծախսեր և ժամանակ՝ մոտ 7-8 ամիս»,–ասաց նա։
Տնտեսագետն ընդգծեց, որ ներկա պահին Արցախի տնտեսության թիվ մեկ խնդիրը պետք է լինի այս հանքավայրերի շահագործումն ապահովելը։
«Արցախի ամենախոշոր հարկ վճարող ընկերությունը «Վալլեքս Գրուպ» ՓԲԸ–ն է, որի խմբի մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ընկերությունը Արցախում շահագործում է Դրմբոնի ստորգետնյա և Կաշենի բաց բազմամետաղային հանքավայրերը: 2019–ին այս ընկերությունը վճարել է 18,7 մլրդ դրամի հարկ, որը կազմում է Արցախի հարկային եկամուտների շուրջ 32 տոկոսը, այսինքն այս ընկերության գործունեության դադարը կարող է Արցախի բյուջեի մեկ երրորդով կրճատման պատճառը դառնալ։ Բացի այդ, այս ընկերությունն ապահովում է երկրից արտահանման 60 տոկոսը և ունի շուրջ 1400 աշխատատեղ»,–ասաց նա։
Տնտեսագետը նաև տեղեկացրեց, որ համաձայնագրի արդյունքում՝ Արցախում շահագործման թույլտվություն ունեցող 15 հանքավայրերից 13–ն անցել է Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը մեծ հարված է հասցնելու Արցախի տնտեսությանը։