Ես տեղ եմ գնացել, որ 500 հոգի կռվող կային, հարցնում եմ` ձեր հրամանատարն ով է, չգիտեին. Գորիսեցի կամավորական (Տեսանյութ)
Գորիսեցի կամավորական սակրավոր Գարիկ Օհանջանյանը, որ պատերազմի առաջին օրերից եղել է առաջնագծում, կարծում է, որ հայկական կողմը անկազմակերպ է եղել պատերազմի ընթացքում։
«Ես կամավոր գնացել եմ, հլը հավաք չկար, անուն ազգանուն, բիլետս ու հեռախոսահամարս թողել եմ, ասել եմ, որ վայրկյանին պետք լինեմ, սակրավոր եմ, կանչեք: Տեսել եմ, որ մի քանի ժամ չեն կանչում, նորից գնացի, ասեցի` բա խի չեք կանչում, ու ըտեղից գնացել եմ, էլ տուն չեմ եկել: Գնացել ենք, թերությունները շատ է եղել, շատ, ես դրանցից եմ ամենաշատը նեղված: Կռվում պիտի պարտվեն էլ, կռվում զոհ էլ են տալիս, բայց որ ներսի թուլությունը, անկազմակերպվածությունը կար, դրանից եմ նեղվում, որ էս 25-30 տարում չպատրաստվեցինք: Ջոկատներ կային, որ մտնում, ասում էին` փախեք, հողերը ծախած է ու զորքի մեջ խուճապ կար, դե խուճապն էլ ամենավտանգավորն է, մենք շատ էինք թույլ, անհավասար մարտեր էին, բայց կարայինք, պահեինք։ Մենք ունեինք լավ հրամանատար, որը կազմակերպում էր ամեն ինչ լավ, մենք մի զոհ չենք տվել, ամենավերջինը դուրս ենք եկել բոլոր տեղերից, բայց անգամ տեխնիկան հետներս վերցրել ենք։ Եթե բոլորը մեր վաշտի պես կազմակերպված լինեին, ուրիշ ձեւ կլիներ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմել է նա:
Նրա խոսքով` բանակի թուլացումը նկատել է նոյեմբերի 2-ից, 3-ից. «Բանակի մեջքը միանգամից կոտրվեց, զգում էինք մենք»:
Կամավորական Գարիկի կարծիքով հրամանատարական կազմ էր պետք, որը կղեկավարեր զորքը, ինչը որոշ տեղերում, ինչպես ինքն է տեսել, պարզապես բացակայել է։
«Ես տեղ եմ գնացել, որ 500 հոգի կռվող կային, հարցնում եմ` ձեր հրամանատարն ով է, չգիտեին, իրար երեսի էին նայում, չգիտեին` իրենք, որ տարածում են եւ իրենց ինչ է սպասվում ճիշտ չգործելու դեպքում։ Կամավորականներ էին, խրամատներ էին փորում խրամատի վրա կանգնած։ Մենք ենք ասել՝ ներքեւ իջեք, մի ցույց տվեք ձեր տեղը։ Հետո էդ դիրքը տվեցին, շատերը զոհվեցին, վիրավորվեցին»,- նշեց նա։