Ռուսաստանում մեկ շաբաթում հայտնաբերվել է կորոնավիրուսով նույնքան վարակակիր, որքան ամբողջ սեպտեմբերի ընթացքում
Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 179 987-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներին:
Մեկ շաբաթում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով նույնքան վարակակիր, որքան ամբողջ սեպտեմբերի ընթացքում, երբ հայտնի էր դարձել 180 967 դեպքի մասին:
Բացի այդ, հայտնաբերված դեպքերի թիվը 10,1 տոկոսով գերազանցել է անցած շաբաթվա ցուցանիշները, երբ շտաբը հաղորդել էր 163 504 վարակակրի մասին:
Մեկ շաբաթում մահվան դեպքերի թիվը նույնպես առավելագույնն է՝ կազմելով 3 348 ընդդեմ նախորդ յոթ օրվա ցուցանիշի՝ 2 993-ի: Դա ավելին է, քան շտաբը գրանցել էր ամբողջ օգոստոսի ժամանակ:
Ընդ որում՝ շաբաթվա արդյունքում նոր հիվանդության պայմանական մահացությունը գրեթե չի փոխվել՝ ավելանալով 1,74 տոկոսով:
Ռեկորդային բարձր է նաեւ առողջացածների թիվը. Ռուսաստանում վերջին յոթ օրվա ընթացքում դուրս է գրվել 166 014 պացիենտ, որոնց մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս: Նախորդ շաբաթվա ընթացքում նրանց թիվը կազմել է 155 458: Արդյունքում արդեն իսկ առողջացած պացիենտների թիվը շարունակել է աճել՝ հասնելով մինչեւ 76.4 տոկոսի: