Պարտված իշխանությունը պետք է հեռանա, պետք է գա նոր բանակցող, որը կլինի պահանջատեր և ստեղծված իրավիճակում կլուծի կարևոր հարցեր․ կառավարման փորձագետ (տեսանյութ)
Ցանկացած պաշտոնում գործերը տապալած մարդը պետք է հեռանա այդ պաշտոնից, այսինքն՝ պատասխանատվության ստանձնումն առաջնահերթ պետք է լինի հեռացումով։ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ–ում կառավարման ճգնաժամին, ասել է կառավարման փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Արմեն Կարախանյանը։
«Կառավարման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը պետք է վարչապետի լիազորությունները վայր դնի, սակայն կա քրեական և բարոյական պատասխանատվության հարց։ Բանակցող կողմը պետք է միանշանակ փոխվի, պետք է պահանջատեր բանակցողներ լինեն։ Պարտված կողմը, պարտված բանակցողը, բնականաբար, պետք է զիջի, իսկ եթե մեկ այլ մարդ գա, կարող է որոշակի պահանջներ ներկայացնել»,–նշել է Կարախանյանը։
Փորձագետը նշեց հարցեր, որոնք շուրջ կապիտուլյացիոն պայմանագրի շրջանակում պարտված իշխանությունը չի կարող բանակցել, փոխարենը դա կարող է անել նոր բանակցողը․
«Մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, որի համատեքստում միջանցք ենք տրամադրում Ադրբեջանին՝ Մեղրիով Նախիջևանին կապվելու համար։ Այդ ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները։ Հիմա հարց՝ իսկ ո?վ պետք է հետևի մեր երթևեկության անվտանգությանը, մենք այս հարցն առաջ քաշե՞լ ենք»։
Կարախանյանը նաև անդրադարձավ հարցին, թե այս իշխանությունների հեռանալու դեպքում ով պետք է ստանձնի երկիրը ղեկավարելու պատասխանատվությունը։ Նրա կարծիքով՝ պետք է լինի մարդ, որը կխոստանա բանակցային գործընթացում ունենալ կոնկրետ հաջողություններ և դրանց հասնելու կոնկրետ քայլեր կներկայացնի․
«Բանակցողը պետք է ներկայացնի քայլեր անվտանգ երթևեկության, սահմանազատման, անհետ կորածների և գերիների հարցը»։
Մանրամասները՝ տեսանյութում։