Պետդումայում Ֆրանսիային առաջարկել են Ղարաբաղից հետո ճանաչել Ղրիմի կարգավիճակը
Ղրիմի տարածաշրջանից ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Ֆրանսիայի Սենատը պետք է ԼՂ հարցով բանաձեւի ընդունումից հետո ճանաչի Ղրիմի ռուսական կարգավիճակը:
Ֆրանսիայի Սենատը նախօրեին ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է բանաձեւ, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Փաստաթուղթը խորհրդատվական բնույթ է կրում:
«Եթե Ֆրանսիայի իշխանությունների համար իսկապես կարեւոր է մարդկանց ընտրությունն ու ինքնորոշումը, եթե ժողովրդավար արժեքների եւ այլ ազգերի ձգտումների հարգման հարցով նրանց դիրքորոշումն իսկապես անկեղծ է, այլ ոչ թե քաղաքական խաղ, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո նրանք պետք է Ղրիմի ռուսական կարգավիճակի ճանաչման մասին բանաձեւ ընդունեն: Դա, թեեւ, ուշացած, բայց եւ տրամաբանական քայլ կլինի: Հակառակ դեպքում ԼՂ հարցով ֆրանսիացի սենատորների որոշումը կլինի ոչ ավել, քան կեղծավորություն»,-ասել է Շերեմետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցով Ֆրանսիայի Սենատի որոշումը «քաղաքական խաղ» է ի հակազդեցություն Թուրքիայի աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: «Ղրիմի նկատմամբ Ֆրանսիան բացարձակ այլ քաղաքական խաղ է խաղում: Ֆրանսիական կողմը հրաժարվում է ճանաչել Ղրիմի ռուսական կարգավիճակը, հակառուսական պատժամիջոցներ է սահմանում, ինչպես նաեւ անտեսում է թերակղզու շրջափակումը Ուկրաինայի կողմից: Ես չեմ հավատում, որ նրանց մտահոգում են Լեռնային Ղարաբաղում մարդկանց ճակատագրերը, ինչպես նաեւ չեմ հավատում, որ նրանք կճանաչեն Ղրիմը»,-հայտարարել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ եթե ֆրանսիական կողմն իսկապես մտահոգված է, ապա վաղուց կկանխեր զինված հակամարտությունն ու թույլ չէր տա Ղարաբաղում մարդկային զոհերը:
«Այսօր Ֆրանսիայի Սենատի դիրքորոշումը դրսեւորվում է կարգախոսներով եւ հայտարարություններով, որոնք կարող են հանգեցնել միայն հակամարտության սրմանը»,-հավելել է պատգամավորը: