Ինչո՞ւ հարակից զեկուցող չէ ԳՇ այն գեներալը, ով հանձնաժողովում ասել էր, որ ռազմական դրությունը կարող է հանվել, բերել եք ՊՆ քարտուղարին, որ ասի՝ ռազմական դրությունը չենք կարող հանել. Էդմոն Մարուքյան
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում է ռազմական դրությունը չեղարկելու մասին ընդդիմության բերած նախագիծը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին խնդրեց ապահովել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ հարակից զեկույցով հանդես եկած ԳՇ ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, որը պնդում էր, թե ռազմական դրությունն այժմ կարող է հանվել:
«Քանի որ նա շփոթ առաջացրեց իշխանության ներսում, նրան այսօր փոխարինել է ՊՆ գլխավոր քարտուղարը», - ասաց Մարուքյանը:
Պատգամավորը շեշտեց, որ ՊՆ ներկայացուցիչն իր ելույթից առաջ պետք է ներկայացնի՝ երբ են ՀՀ քաղաքացի ռազմագերիները փոխանակվելու, երբ են փոխանակվելու քաղաքացիական անձինք, ինչ է կատարվում նրանց հետ, հայտարարի զոհերի՝ այդ թվում՝ քաղաքացիական անձանց շարքերում զոհերի անունները, որոնց տվյալները, սակայն, այդպես էլ չեն հրապարակվել:
«Ինչպես նաև իր զեկույցը չպետք է հակասի Գլխավոր շտաբի գեներալի երեկվա զեկույցին առ այն, որ ռազմական դրությունը չի կարելի հանել, որքանով որ հասկանում եմ պարոն գլխավոր քարտուղարը փոխարինել է պարոն գեներալին, որ ասի ռազմական դրությունը չի կարելի հանել: Ինչո՞ւ ներկա չէ այդ գեներալը»,- շեշտեց Մարուքյանը:
Լենա Նազարյանն էլ հակադարձեց, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն իսկ կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի արտահերթ ելույթի որոշմանը, և ինքն ԱԺ ընթացակարգով այլ անձի ձայնի իրավունք չի կարող տալ:
Հիմնական զեկուցող Գևորգ Գորգիսյանն էլ ասաց՝ եթե չի սխալվում, երեկվա ԳՇ գեներալը հրավիրյալ էր հանձնաժողովում, ենթադրում է, որ այդ պատճառով չեն նշանակել նրան հարակից զեկուցող, որպեսզի Ազգային ժողովում անցանկալի ելույթներ չունենա: