Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխման գործընթացները վերահսկում է ՌԴ ԱԻՆ-ը
Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության բաշխումը վերահսկում է Ռուսասատանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Այժմ ընթանում են բնակչության ու սոցիալական օբյեկտների շրջանում բեռների բաշխման գործընթացները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությանը հղումով։
«Ռուսաստանի ԱԻՆ-ի խումբը, որը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն է իրականացնում, ավարտել է մատակարարված նյութերի բեռնաթափումը։ Այս պահին իրականացվում է բեռների բաշխումը բնակելի տների և սոցիալական նշանակության օբյեկտների հասցեներով», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱԻ նախարարության մասնագետները քաղաքապետարանների ներկացուցիչների հետ գնահատել են Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում ենթակառուցվածքներին հասցված վնասը։ Այսօրվա դրությամբ վնասված շինությունների զննումն ավարտվել է։
«Բացի այդ, ՌԴ ԱԻՆ-ը միջոցներ է ձեռնարկել փրկարարների ճամբարի բարեկարգման և ժամանած անձնակազմի ու տեխնիկայի տեղակայման համար։ ԱԻՆ-ի խումբը քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ օգնության ցուցաբերման աշխատանքներն սկսել է նոյեմբերի 16-ից», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։