Տղայիս հետ վերջին անգամ սեպտ. 29-ին ենք խոսել, հոկտեմբերի 8-ին էլ նկար է եղել իրենից. դրանից հետո որևէ լուր չունենք. Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ մոտ
Անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին Պաշտպանության նախարարության մոտ են, փորձում են տեղեկություններ ստանալ անհետ կորածների որոնման աշխատանքների ընթացքի մասին:
Նրանցից Արթուր Խաչատրյանը՝ ժամկետային զինծառայող 18-ամյա Նարեկ Խաչատրյանի հայրը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 8-ից որդուց որևէ տեղեկություն չունեն:
«Իմ տղան սեպտեմբերի 29-ին զանգել է Ջաբրայիլից, հետո գնացել է Հադրութ, հոկտեմբերի 8-ին նկար է եղել իրենից, դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Հոկտեմբերյանում տղայիս զորամասից երկու հոգի եկել են, ասացին՝ տեսել են հոկտեմբերի 8-ին: Ամսի 8-ին ընկերոջ հետ նկար կա, հիմա այդ ընկերը վիրավոր է»,-ասաց անհետ կորածի հայրը՝ նշելով, թե մինչև հիմա որևէ լուր չկա:
«Ինչ կռիվն սկսել է, 4-5 անգամ փակ համարով զանգում են գիշերվա ժամը 1-2-ից մինչև 7-ը, պատասխանում ենք, ձայն չեն տալիս: Մտածում ենք՝ կարող է երեխեն լինի, վախից չի խոսում: Փորձել ենք փակ համարը պարզել, դիմեցինք, ասացին՝ չեն կարող տրամադրել: Այսօր Ոստիկանություն պետք է գնամ: Ամեն տեղ գնացել եմ, չկա: Թեժ գծերին զանգում ենք, տվյալները նայում են, չկա»,-պատմեց նա:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում Պաշտպանության նախարարության, Կառավարության դիմաց։ Կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գերեվարվածների վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ: