Կանադան ակնկալում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստանալ արդեն հաջորդ տարվա հունվարին
Կանադայի իշխանություններն ակնկալում են, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանան արդեն 2021-ի հունվարին, ինչից հետո երկրում կսկսվի պատվաստման գործընթացը: Այս մասին չորեքշաբթի հայտնել է երկրի միջկառավարական գործերի նախարար Դոմինիկ Լեբլանը CTV հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ТАСС-ը:
«Հաջորդ տարվա սկզբին՝ 2021-ի հունվարին,… մենք կկարողանանք սկսել կանադացիների պատվաստումը»,- ասել է Լեբլանը: Նախարարի խոսքով՝ Կանադայի կառավարությունը կապեր ունի մի շարք ընկերությունների հետ, որոնք զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ, և իշխանությունները սպասում են «հաջորդ տարվա սկզբին միլիոնավոր չափաբաժիններով առաջին խմբաքանակի» ստացմանը:
Նախարարը հավելել է, որ պատվաստումից առաջ բոլոր դեղերը դեռ պետք է հաստատվեն Կանադայի առողջապահության նախարարության կողմից: