Հունաստան. Եվրամիությունը միամիտ չէ եւ չի տրվի Անկարայի հերթական խաբեությանը
Եվրամիությունը միամիտ չէ եւ չի տրվի Անկարայի հերթական խաբեությանը: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի խոսքով՝ Թուրքիային տրվել է ամեն հնարավորություն, «բայց նա չի օգտվել դրանից»:
Նա նշել է, որ վերջին պահին արված Թուրքիայի հայտարարությունները չեն խաբի ԵՄ-ին: «Եվրամիությունը միամիտ չէ»,- ասել է նա: «Հունաստանն, իհարկե, միշտ հավատարիմ է մնացել ազնիվ երկխոսության գաղափարին»,- ասել է նա՝ պնդելով, որ Թուրքիան պետք է ցույց տա, որ հարգում է միջազգային իրավունքը որպես մշտական ընտրություն, այլ ոչ թե կոնյունկտուրային:
«Նույն ոգով ԵՄ-ն հետաձգել է միջոցառումների եւ պատժամիջոցների վերաբերյալ որոշումները` հայտարարելով Թուրքիայի նկատմամբ գործողությունների եւ քաղաքականության դրական ծրագիր ուսումնասիրելու պատրաստակամությունը, բայց նույն պայմանով՝ որ Թուրքիայի անօրինական գործողությունները մեկընդմիշտ դադարեցվեն»,- ասել է նա:
«Սակայն Անկարայի վերջին գործողությունները «չեղարկում են երկխոսության ցանկացած հեռանկար եւ, ցավոք, Եվրոպական խորհրդի առաջիկա գագաթաժողովում որեւէ դրական օրակարգի տեղ չեն թողնում»,- ասել է Դենդիասը:
Աթենքը մտահոգված է նաեւ հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը նախորդող ժամանակահատվածով, քանի որ Թուրքիան դա կարող է դիտել որպես Միջերկրական ծովի արեւելքում իր ընդլայնման ծրագիրն արագացնելու հնարավորություն: