Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Քարվաճառի շրջանից. РИА Новости
Հայկական զինվորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կեսգիշերին պետք է անցնի Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Ինչպես փոխանցում է գործակալության թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զորանոցներն ու զորամասի այլ կառույցներ:
«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում և ոչինչ նրանց չենք տվել: Այժմ մինչև ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից և պայթեցնում զորամասի մնացյալ կառույցները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զորամասը վերջիններից մեկն է»,- թղթակցի հետ զրույցում ասել է մոտոհրաձգային զորամասի հրամանատարության ներկայացուցիչը:
Նշվում է, որ անձնակազմը շրջանից հեռացել է, նախքան պայթյունների կազմակերպումը: Զինվորական կառույցների ոչնչացմանը հետևել են ստորաբաժանման հրամանատարության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: