ԱՄԷ-ն ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում և ևս 11 երկրում այցագրերի տրամադրումը
Արաբական Միացյալ Էմիրությունները 12 երկրում, այդ թվում՝ Թուրքիայում, ժամանակավորապես դադարեցրել է այցագրերի տրամադրման գործընթացը, նախօրեին հաղորդել է հնդկական Economic Times թերթը:
Նշվում է, որ ԱՄԷ-ի գործողությունը տարածվում է նաև Պակիստանի, Իրանի, Եմենի, Սիրիայի, Իրաքի, Սոմալիի, Լիբիայի, Քենիայի և Աֆղանստանի վրա։
Թեև այս որոշման համար որևէ պաշտոնական պատճառ չի նշվել, այդ քայլը ձեռնարկվել է Թուրքիայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքերի ֆոնին, ինչը կառավարությանը ստիպել է հանգստյան օրերին մասնակի արգելափակում սահմանել։
Թուրքիայի և ԱՄԷ-ի հարաբերությունները սրվել են 2017 թվականի հունիսին՝ Կատարում տեղի ունեցած դիվանագիտական ճգնաժամից հետո, երբ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը խզել են դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի դաշնակից Կատարի հետ:
Օգոստոսին Թուրքիան սպառնացել էր դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ և հետ կանչել այդ երկրում Թուրքիայի դեսպանին։