Բայդենը մտադիր է Լինդա Թոմաս-Գրինֆիլդին առաջադրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում
Դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, ով, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, մտադիր է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել Լինդա Թոմաս-Գրինֆիլդին, ով նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի` Աֆրիկայի հարցերով օգնականի պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Washington Post-ը:
Իր հերթին, Axios պորտալը նշում է, որ, Բայդենի եւ նրա շրջապատի կարծիքով, «սեւամորթ կնոջ եւ հարգված դիվանագետի առաջադրումն այս պաշտոնին կօգնի վերականգնել բարոյական ոգին»:
Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, որ Բայդենը պետքարտուղարի պաշտոնում նախատեսում է առաջադրել իր օգնական Էնթոնի Բլինքենի թեկնածությունը, իսկ Ջեյք Սալիվենին` Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնում: Պարբերականի աղբյուրները հաստատել են, որ այդ նշանակումների մասին կհայտարարվի շաբաթվա սկզբին: Այս տեղեկատվությունը համապատասխանում է Ռոն Քլինի հայտարարությանը, որին Բայդենն արդեն նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ըստ Քլայնի` նորընտիր նախագահն իր ապագա վարչակազմում առանցքային նշանակումների մասին կհայտարարի նոյեմբերի 24-ին: