Skilling Open 2020․ Լևոն Արոնյանը 5 տուրից հետո առաջատարից հետ է 1 միավոր
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարի 5 տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վաստակել է 3 միավոր և ամերիկացիներ Ուեսլի Սոյի, Հիկարու Նակամուրայի եւ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ բաժանում է 4-7-րդ տեղերը։
Առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է, որն ունի 4 միավոր։ Մագնուս Կարլսենն ու իսպանացի Դավիդ Անտոնը վաստակել են 3,5-ական միավոր։
Առաջին 5 տուրերում Լևոն Արոնյանը հաղթեց վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, հնդիկ Գուջրատի Վիդիտին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցիներ Պյոտր Սվիդլերի և Յան Նեպոմնյաշչու հետ, պարտվեց Ուեսլի Սոյին։
Նոյեմբերի 23-ին կանցկացվի ևս 5 տուր, իսկ նախնական փուլը կավարտվի նոյեմբերի 24-ին ևս 5 տուրով։
8 ուժեղագույնները պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում։
Skilling Open 2020 -ի մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է (հաղթողը կստանա 30 հազար դոլար)։ Այս մրցաշարը Champions Chess Tour-ի (1,5 միլիոն դոլար մրցանակային հիմնադրամ) առաջին փուլն է։