Փաշինյանը ձախողել է, բայց ես պիցցայակեր չեմ, միշտ եղել եմ Ռոբի ու Սերժի դեմ․ Բադասյան (Տեսանյութ)
«Ես վիրավորվեցի հրամանատարական մեքենայի մեջ, ԱԹՍ-ն հարվածեց… Եզակի, հզոր հարձակողական օպերացիա էինք նախատեսել… Երևի կռահեցին, թե ինչպես շտաբը աշխատեց: Ես հեռախոսով էի մարտը վարում, պարզվում է իմ հեռախոսի տվյալները բաց էին մնացել: «Ղարաբաղ» տելեկոմի նախկին տերերը, ըստ երույթին, դավաճաններ են, նրանց ձերբակալել են պատերազմի երկրորդ օրը, որովհետև պատերազմի հենց առաջին օրը թուրքերը հեռախոսակապի մեջ վիրուս են մտցրել, ուր զանգում էինք, զանգերը չէին գնում: Այստեղից «Յոքոմի» աշխատակիցներն են եկել, նորոգել են, և կարողացել ենք աշխատել»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:
«Առաջին արցախյան պատերազմն այս պատերազմի համեմատ հրաշալի էր,- նշեց մեր զրուցակիցը,- այն ժամանակ մարտերը միայն առաջնագծում էին, իսկ հիմա ԱԹՍ-ների, բայրաքթարների միջոցով մեր դիրքերի թիկունքում տեղակայված առաջին բանակային կորպուսի 22 գրադ կայաններից 17-ը մեկ օրում՝ պատերազմի 4-րդ օրը վերացրել են, հաջորդ օրը՝ 5-ը: Այս պատերազմում Սոլնցեպյոկ՝ ՏՕՍ-եր են կիրառվել: Պատերազմի երրորդ օրը կամավորներ եկան: Մեր զինկոմիսարիատը կազմակերպված չի աշխատել, պետք է կցագրում կատարվեր: Կամավորները փախչում էին, ասում էին՝ նահանջում ենք»:
«Ես ռոբասերժական չեմ, «պիցայակեր» չեմ, ես միշտ էլ դեմ եմ եղել Ռոբերտին ու Սերժին, այդ համակարգին, հայտնի եմ որպես ընդդիմադիր:
Վիտալի Բալասանյանը եկել է Նիկոլ Փաշինյանին հանդիպել և առաջարկել է 4-րդ պաշտպանականի՝ Ասկերանի գնդի առաջխաղացումը, դա համարձակ քայլ էր… Բայց Փաշինյանը Օնիկ Գասպարյանին հրավիրել է, և ասել են՝ գնա սպասի: Փաշինյանը թույլ չի տվել Վիտալի Բալասանյանին այդ օպերացիան մշակել:
Պարտությանը նպաստել է մեր գլխավոր հրամանատարը, նա ընդհանրապես արտաքին քաղաքականություն չի վարել, ներքին քաղաքականության մեջ հեղափոխությունը չի իրացրել: Փաշինյանը Գլխավոր շտաբի պլանը Արտակ Դավթյանի հետ փոխել է: Ձեռքբերված Սու 30-ները այդպես էլ պատերազմին չմասնակցեցին, որովհետև ի զորու չէին մասնակցել, նախ՝ օդաչուների բազա չունեինք, և երկրորդ՝ հրթիռներ չկային: Հակաօդային այնպիսի սարքեր են դրել, որոնք սովետական 60-ականների զենք են… Հակառակորդը մեր ՀՕՊ համակարգերի 50 տոկոսը շարքից հանել է: Մենք պետք է LOR և TOS առնեինք: Նիկոլ Փաշինյանը մեղքը գցում է նախկինների վրա, բայց մոռանում է, որ սխալ զենք-զինամթերքներ են գնել, մոռանում է, որ զինկոմիսարիատներից հատուկ մարդիկ են ուղարկվել, որ վախ տարածեն և բարոյահոգեբանական մթնոլորտը փոխեն: Ենթադրում եմ, որ եթե նախատեսել էին, որ Շուշին պետք է հանձնեին, ուրեմն այսքան գործողությունը պիտի անեին»,- նշեց Բադասյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: