Ես ոչ մի հիմք չունեմ պարտության ու նվաստացման այս ագրեսիվ պահապաններին համարել ոստիկան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում դիմակավորված ոստիկաների լուսանկար է հրապարակել եւ կից գրառում արել։
«Ես ոչ մի հիմք չունեմ պարտության ու նվաստացման այս ագրեսիվ պահապաններին համարել ոստիկան։ Ես բոլոր հիմքերն ունեմ այս մարդկանց համարել աթոռին կառչածների կողմից ձեւավորված բանդա, որի նպատակը բողոքող քաղաքացիների վրա հարձակվելն է։
Պետք է ոստիկաններին անհատականացնելու հնարավորություն լինի (համազգեստի վրա՝ ազգանուն կամ անհատական համարով ժետոն), որ ապօրինություն անեն, հնարավոր լինի անհատականացնել։
Ընդ որում, դիմակներ են օգտագործում այնպիսի «հանցագործության» դեմ պայքարելու համար, որի առավելագույն պատիժը 2 ամսով կալանքն է, այն էլ՝ եթե չունես մինչեւ 7 տարեկան երեխա»,- գրել է նա։
Հիշեցենք, որ արդեն երկրորդ օրն է՝ ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանի տարբեր հատվածներում։ Այսօր այդ ակցիային միացել է նաեւ Գյումրին։ Ոստիկանները, որոնց շարքերում կային մեծ թվով դիմակավորվածներ, բռնի ուժ գործադրելով այսօր էլ բերման են ենթարկել բողոքի ակցիա անող քաղաքացիներին՝ այդ թվում հասարակական-քաղաքական գործիչների։
Նշենք, որ շարքերում կային նաեւ չինական հանդերձանքով դիմակավորված ոստիկաններ։