Կորոնավիրուսի դեմ օքսֆորդյան պատվաստանյութը լավ արդյունքներ է ցույց տվել 60 եւ 70-ն անց մարդկանց շրջանում
Օքսֆորդի համալսարանի մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անցել է փորձարկումների երկրորդ փուլը, որի ժամանակ լավ արդյունքներ է ցույց տվել 60 եւ 70-ն անց տարեց մարդկանց շրջանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հիմա մեկնարկել է փորձարկումների երրորդ փուլը, որին կամավորներ են մասնակցելու աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին արդյունքները սպասվում են արդեն մինչեւ տարեվերջ։
Մեծ Բրիտանիան կնքել է հիմա կլինիկական փորձարկումներ անցնող վեց թեկնածու պատվաստանյութերի տասնյակ միլիոնավոր դեղաչափերի մատակարարման նախնական պայմանագրեր։ Երկրում մեծ հույսեր են կապում Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի հետ, որը մշակվել է AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության հետ համատեղ։
Փորձարկումների երրորդ փուլն անցկացվում է Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, ՀԱՀ-ում, Ճապոնիայում եւ պետք է շուտով վերսկսվի ԱՄՆ-ում։ Հոկտեմբերին ավելի վաղ պատվաստանյութի փորձարկումների մասնակիցներից մեկը մահացել էր «COVID-19-ի բարդությունների հետեւանքով», սակայն որոշել էին դեղամիջոցի թեստավորումը շարունակել։