ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի ախտորոշման առաջին ՊՇՌ թեստը, որը կարելի է անցկացնել տնային պայմաններում
ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների վերահսկման վարչությունը (FDA) արտակարգ համաձայնություն է տվել կորոնավիրուսի ախտորոշման առաջին արագ թեստի կիրառման համար, որը կարող է անցկացվել տնային պայմաններում: Թեստի արդյունքը պատրաստ կլինի 30 րոպեի ընթացքում:
Ըստ The New York Times-ի` թեստի արտադրող Lucira ընկերությունն ենթադրում է, որ դրա գինը կլինի ոչ ավելի, քան 50 դոլար:
Սա ՊՇՌ թեստ է, որի համար մարդը պետք է քսուք վերցնի իր քթից: Անալիզը հիմնված է վիրուսի գենետիկ նյութի հայտնաբերման վրա: Հավաքածուն քսուքի համար ստերիլ փայտիկներ, ստացված քսուքի համար փորձանոթ եւ մարտկոցով աշխատող ախտորոշիչ սարք է ներառում: Արդյունքը կարելի է տեսնել սարքի ցուցիչի գույնի փոփախության միջոցով, հայտնում է Medportal.ru-ն:
Եթե թեստի արդյունքը դրական է, ապա մարդը պետք է ինքնամեկուսանա եւ դիմի բժշկի: Սակայն բացասական արդյունքը դեռ չի նշանակում, որ մարդը հաստատ վարակված չէ. եթե նա հիվանդության ախտանիշներ ունի, ապա անհրաժեշտ է բժշկի դիմել:
FDA-ն թույլատրել է նոր թեստի օգտագործումը այն հիվանդների համար, որոնց մոտ հաստատվել կամ կասկածվում է COVID-19: Ասիմպտոմատիկ հիվանդների համար թեստի ճշգրտությունը հայտնի չէ: Թեստը կարելի է ձեռք բերել բժշկի նշանակմամբ:
Արտադրողի խոսքով` 14 տարեկանից բարձր մարդիկ կարող են ինքնուրույն օգտագործել այս թեստը, իսկ 13 տարեկան եւ ավելի փոքր երեխաները պետք է հետազոտվեն մասնագետի կողմից: Բացի այդ, թեստը կարող է օգտագործվել բուժաշխատողների կողմից ամբուլատոր կլինիկաներում եւ հիվանդանոցներում: