Ֆրանսիացի կասկադյորը մահացել է Դուբայում տուրբոռեակտիվ թեւերով փորձնական թռիչքի ժամանակ
Ֆրանսիացի կասկադյոր Վինսենթ Ռեֆֆեն մահացել է Դուբայում՝ ածխածնային մանրաթելից տուրբոռեակտիվ թեւերով փորձնական թռիչքի ժամանակ: Վինսենթ Ռեֆֆեն հայտնի էր իր նորարարական հնարքներով եւ Jetman Dubai թիմից էր:
Իր հայտարարության մեջ թիմը հայտնել է, որ 36-ամյա մարզիկը զոհվել է Դուբայում մարզվելիս՝ չհայտնելով այլ մանրամասներ: Նրա մահվան հանգամանքները պարզվում են, հայտնում է BBC-ն: Իր կարիերայի ընթացքում Վինսենթ Ռեֆֆեն շատ դժվար հնարքներ է գործել, մասնավորապես, նա (Ֆրեդ Ֆյուգենի հետ միասին) ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից՝ Դուբայի 828 մ բարձրությամբ Բուրջ Խալիֆա շենքից:
Ռեֆֆեն հայտնի է դարձել իր կասկադյորական թռիչքներով, որոնք նա կատարում էր որպես Jetman Dubai թիմի անդամ, որը ստեղծվել է «Ջեթմեն» («ռեակտիվ մարդ») մականունով շվեյցարացի օդաչու Իվ Ռոսիի կողմից:
Սարքավորումը, որը մշակվել է Ռոսիի կողմից, թիմի անդամներին թույլ է տալիս թռիչքի ընթացքում մինչեւ 402 կմ/ժամ արագություն զարգացնել։