Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հաջողությամբ անցել է անվտանգության եւ արդյունավետության ստուգումը
Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հաջողությամբ անցել է անվտանգության եւ արդյունավետության ստուգումը կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլի շրջանակում, որոնց մասնակցել են ավելի քան 700 առողջ կամավորներ: Համաձայն հրապարակված տեղեկության՝ CoronaVac պատվաստանյութն ուժեղ իմունային պատասխան է առաջացրել 2 շաբաթ ինտերվալով երկու անգամ ներարկելուց հետո մեկ ամիս անց:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Sinovac-ի արտադրության պատվաստանյութը ներառում է SARS-CoV-2-ի թուլացած տարբերակը: Նախ պատվաստանյութի անվտանգությունն ապացուցվել է կրծողների վրա, ապա մարդկանց վրա փորձարկումներ են սկսվլե այս տարվա ապրիլի կեսերին եւ մայիսի սկզբին: Պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը գնահատելու համար բժիշկները կամավորներին ներարկել են պատվաստանյութի երկու տարբեր դեղաչափեր 2 կամ 4 շաբաթ ինտերվալով: Առաջին դեղաչափի ներարկումից հետո 28 օր անց պատվաստանյութը եւ՛ մեծ, եւ՛ քիչ դեղաչափով ուժեղ իմունային պատասխան է առաջացրել:
Գրանցված կողմնակի էֆեկտների թվում են եղել ալերգիա, գլխացավ, այրոց ներարկված հատվածում:
Արտադրողի խոսքով՝ պատվաստանյութը կարելի է պահել սովորական սառնարանում, իսկ պիտանելիության ժամկետը մոտ 3 տարի է: