ԱՄՆ-ից ընկերությունը ցանկանում է ամբողջ աշխարհում հավկիթը փոխարինել արհեստականով
Ամերիկյան Eat Just ընկերությունը հայտարարել է նոր ծրագրերի մասին՝ ամբողջ աշխարհում բնական հավկիթը փոխարինել արհեստականով։ Դրանք վաճառվելու են հեղուկ վիճակում, հայտնում է South China Morning Post-ը։
Ձվի արհեստական փոխարինիչը, որը ընկերությունը հեղուկ վիճակում արդեն վաճառում է Just Egg ապրանքանիշով, ամենամեծ աղմուկ հանած մթերքն է։ Eat Just-ի համահիմնադիր եւ ղեկավար Ջոշ Տետրիկն ասել է, որ մենեջմենթը նախատեսում է, որ արդեն մոտ ապագայում ընկերության արտադրած բուսական ծագման ձուն տարածված կլինի ոչ միայն բուսակերների, այլեւ բոլոր այն մարդկանց շրջանում, ովքեր մտահոգվում են իրենց առողջության համար։
Ընկերությունն արդեն կարողացել է այս նախագծի համար ֆինանսավորում ներգրավել մի քանի խոշոր հիմնադրամներից։ Դրանց թվում են սինգապուրյան Temasek-ը եւ հայտնի հոնկոնգցի վենչուրային ներդրող Լի Կաշինան։
Eat Just-ը ընթացիկ տարվա հոկտեմբերին հայտնել էր, որ նախատեսում է շուկայում եւս 200 մլն դոլարի կապիտալ ներգրավել իր բաժնետոմսերի մի մասի վաճառքի հաշվին։
Եթե այս գործարքը կայանա, ապա ընկերության կապիտալիզացիան կհասնի 2 մլրդ դոլարի։
Ընդ որում՝ փողը կծախսվի նաեւ ասիական երկրներից մեկում արհեստական սպիտակուցի արտադրման գործարանի կառուցման վրա։ Դրա համար կծախսեն 120 մլն դոլար։ Տետրիկը նշել է, որ ընկերությունը գլխավոր ներուժը տեսնում է ասիական շուկայում․ այստեղ բնակչությունը մոլորակի մյուս հատվածներից ավելի ակտիվ է հետաքրքրվում առողջ սննդով։ Մյուս ասպեկտն այն է, որ հենց Ասիային է բաժին ընկնում հավկիթի շուկայի 60 տոկոսից ավելին, ինչը պայմանավորված է բնակչության մեծ խտությամբ։
Eat Just ընկերությունը ստեղծվել է 2011 թվականին, կենտրոնակայանը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ)։