Ոսկու գինն ընկնում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ լավատեսության ֆոնին. Դոլարն ու եվրոն թանկացել են
Չորեքշաբթի առավոտյան ոսկին չափավոր էժանանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման հաջող հետազոտությունների մասին լուրերի շուրջ լավատեսության ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Նյու Յորքի Comex ֆոնդային բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.32 տոկոսով կամ 6.1 դոլարով` մինչեւ 1879.05 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.43 տոկոսով` մեկ ունցիայի դիմաց կազմելով 24.54 դոլար:
Ներդրողները չորեքշաբթի շարունակում են հետեւել լուրերին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շուրջ: Երկուշաբթի Moderna-ն հայտարարել էր, որ իր կողմից մշակվող պատվաստանյութը 94.5 տոկոս արդյունավետություն է ցույց տալիս: Pfizer-ը եւս ավելի վաղ հայտնել էր, որ BioNTech-ի հետ իր համատեղ պատվաստանյութը արդյունավետ է 90 տոկոսով:
Այս ամենն ազդել է ոսկու արժեքի վրա, որն այս նորությունների ֆոնին 1900 դոլարի նշագծից ցածր է ընկել, քանի որ պատվաստումը կարող է նվազեցնել դեպքերի քանակը եւ վերացնել կարանտինային միջոցառումների պահպանման պատճառներն աշխարհի տարբեր երկրներում, այսինքն` վերացնել համաշխարհային տնտեսության վերականգնման խոչընդոտները: Իսկ այդ ակնկալիքներն իրենց հերթին նվազեցնում են «պաշտպանական» ակտիվների պահանջարկը, որոնց թվում է նաեւ ոսկին:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 18-ին, կազմել է 498.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.42 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 592.87 դրամ (աճել է 2.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 662.86 դրամ (աճել է 5.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.59 դրամ (աճել է 0.10 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 394.99 դրամ, ոսկի՝ 30,294.3 դրամ, պլատին՝ 14,994.4 դրամ: