Նիդերլանդների խորհրդարանն Ալիևի և Էրդողանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին միջնորդություններ է ընդունել
Նիդերլանդների խորհրդարանում նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղին առնչվող 5 միջնորդություն է ընդունվել, որոնք բարձրաձայնում են թուրք-ադրբեջանական վայրագությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչպես նաև պատժամիջոցներ ներառում նրանց նկատմամբ: Այս մասին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիան հայտնում է սոցցանցի իր էջերում:
«Այսօր խորհրդարանը 5 միջնորդություն է ընդունել, որոնցից մեկը Արցախի Հանրապետության ճանաչման մասին է (հեղինակ՝ պատգամավոր Ջոել Վուրդեվինդ)»,- ասվում է ֆեդերացիայի թվիթերյան հաղորդագրության մեջ:
«Պատգամավոր Մարտիյն վան Հելվերտի հեղինակած միջնորդությունով կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել Ալիևի և նրա ընտանիքի դեմ, իսկ պատգամավոր Սադեթ Կարաբուլութի ներկայացրած միջնորդությունը պատժամիջոցներ է նախատեսում ռազմական հանցագործությունների՝ թուրք և ադրբեջանցի պատասխանատուների համար»,- ասվում է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ միջնորդություններից մեկը ժամանակավոր արգելք է նախատեսում Թուրքիային զենք վաճառելու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն: