Մեզ սպառնո՞ւմ եք, ինչի՞ համար, որ ասում ենք՝ չի կարելի Ղարաբաղը հանձնե՞լ. Արման Աբովյան. Իրավիճակը ԱԺ-ում թեժ էր (Տեսանյութ)
Ինչքան պետք է, հազար անգամ մտքեր արտահայտելու ենք, մինչև չհասկանաք մի պարզ բան, որ այս ամբիոնից ինչը խոսվում է, այնքան անհեթեթ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասել է ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
«Ատելությունից եք խոսում։ Տիկին Նազարյան, այդ վիդեոն որ մոտ 10 րոպե առաջ հրապարակել եք, ուշադիր նայել եք չէ՞, այնտեղ տեսնում եք, որ ԲՀԿ պատգամավորներն իրենց անվտանգությունը վտանգելով, պետական կառույցներ էին պաշտպանում, երբ բոլորդ անհայտացել էիք։ Ինչո՞ւ իմ առանձնասենյակից կորավ նոութ բուք ու շատ հնարավոր է, որ այդ ամեն ինչն, այո, ուղղորդված է եղել։ Վիդեոներ եք տեղադրում տիկին Նազարյան, ամենալկտի հայհոյանքներով ու մեզ սպառնալով. մեզ սպառնո՞ւմ եք, ինչի՞ համար, որ ասում ենք՝ չի կարելի Ղարաբաղը հանձնե՞լ։ Հասկանո՞ւմ եք ազգային աղետի մակարդակը, 10 հազար անգամ կկրկնենք՝ հասկացեք, որ հետագա բոլոր գործողությունները, որոնք պետք է լինեն, դուք ունակ չեք տանելու, վերջ։ 45 օր մարդկանց ֆեյք էիք կերցնում, Բաքու չայ էիք խմում»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ ԲՀԿ-ական բոլոր պատգամավորների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրը երկու անգամ հրավիրվում է ԱԱԾ, այդ առնչությամբ Արման Աբովյանն ընդգծեց. «Ծառուկյանը գնում է ԱԱԾ օրն 2 անգամ, հետապնդումը ոնցա՞ լինում։ Երեկ արդեն դանակահարվել է ձեր ընդդիմախոսներից մեկը։ Հիմա ո՞վ է գեներացնում այդ ատելությունը։ Դուք էիք ասում՝ չեք հասկանում, որ փոխվել է իրավիճակ, այո, դուք հիմա չեք հասկանում, որ իրավիճակ է փոխվել»։