Կյանքիս ոչինչ չի սպառնում, բժիշկները վերջացնեն՝ առավել մանրամասն կներկայացնեմ իրավիճակը. «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ իր դանակահարության մասին
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ հայտնել է, որ իր կյանքին ոչինչ չի սպառնում:
«Ժողովուրդ, ամեն ինչ նորմալ ա, կյանքիս ոչինչ չի սպառնում: Բժիշկները վերջացնեն՝ առավել մանրամասն կներկայացնեմ իրավիճակը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամ ալիքը:
Ինչպես նշել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն Արցախյան պատերազմի վերաբերյալ թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։
«Այս հարձակման համար ողջ պատասխանատվությունն անձամբ Ն.Փաշինյանի վրա է՝ որպես քաղաքացիական բախումների գերագույն գլխավոր դրդիչ։
Սա շատ վատ տեղ է տանելու»,- գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Tert.am-ի տեղեկություններով՝ Տեր-Նակալյանն այժմ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: