Եթե ՀՀ վարչապետն անում է հայտարարություն, հետո պետք է դա կոծկի կամ արդարացնի, նշանակում է՝ այդ մարդը հավասարակշռված չէ. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառման մասին
Սա հերթական քայլն էր՝ հայտարարություն անել, հետո փորձել ծածկադմփոց անել, որ մարդիկ չհասկանան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի գրառմանը, որը մեկնաբանվել էր նաև որպես քաղաքացիական պատերազմի կոչ:
«Եթե ՀՀ վարչապետն անում է հայտարարություն, հետո պետք է դա կոծկի կամ փորձի արդարացանել, նշանակում է՝ այդ մարդը հավասարակշռված չէ. եթե այդ մարդն իր հայտարարություններում չի կարողանում լինել գիտակցված, հավասարակշիռ, ինչ ենք սպասում, որ այս՝ մարտահրավերներով լի ժամանակահատվածում նա կարող է որոշումներ ընդունել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե այդպես չի լինում:
«Չի կարելի ասել մի բան, հրահրել քաղաքացիական բախում, մարդկանց մոտ ստեղծել էմոցիաներ, հետո գալ ասել՝ մենք պահպանելու ենք անվտանգությունը և կայունությունհը, և դա մեզ համար առաջնային է: Սա պարզապես ծաղր է հանրության նկատմամբ, և այսպես շարունակվել չի կարող»,-ասաց ԼՀԿ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»: