Ավստրիան խստացնում է կարանտինը՝ դպրոցները և ոչ մթերային խանութները փակ կլինեն
Ավստրիան շաբաթ օրը հայտարարել է մասնակի կարանտինի խստացման մասին՝ փակ կլինեն ոչ մթերային խանութները, դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման՝ կորոնավիրուսի վարակի դեպքերի աճի հետ կապված, հայտնում է Associated Press-ը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը նշել է, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են, քանի որ Ավստրիան ամեն շաբաթ ունենում է կորոնավիրուսով միջինը 550 նոր հիվանդ՝ 100 000 բնակչի հաշվով, ինչը 11 անգամ գերազանցում է այն մակարդակը, որը իշխանությունները նշել են որպես կայուն:
«Եթե մենք զանգվածաբար չարձագանքենք, մեծ վտանգ կա, որ այս թիվը կշարունակի աճել կամ մնալ բարձր մակարդակի վրա»,- Վիեննայում լրագրողներին ասել է Կուրցը:
Ավստրիայի առողջապահության ոլորտի պատասխանատուները չեն կարողանում հետեւել 77 նոր դեպքերի օջախներին, հավելել է նա:
Երեքշաբթի օրվանից երկիրը կսահմանի սահմանափակ պարետային ժամ, որը կարգելի մարդկանց լքել իրենց տները, բացառությամբ եթե նրանք գնում են գնումների, մարզումների կամ դժվար իրավիճակներում գտնվող մարդկանց օգնելու: Մասնակի արգելափակումը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 6-ը: