CNN․ Թրամփի վարչակազմը սահմանափակել է Ջո Բայդենի հասանելիությունը օտարերկրյա առաջնորդների ուղերձներին
ԱՄՆ Պետքարտուղարությունում են կուտակվել նորընտիր նախագահ Ջո Բայդենին հղած օտարերկրյա առաջնորդների ուղերձները, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նրան թույլ չի տալիս դրանց հասանելիություն ստանալ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Պետաքարտուղարությունում իրավիճակին ծանոթ բարձրաստիճան աղբյուրներին։
Սովորաբար ԱՄՆ Պետքարտուղարությունն է զբաղվում ընտրված նախագահի հաղորդակցային հարցերով, եւ հենց այս պատճառով են շատ երկրներ այս շաբաթ ուղերձները հղել ԱՄՆ Պետքարտուղարություն։
Սակայն նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի ճանաչումը Դոնալդ Թրամփի կողմից մերժելու պատճառով սահմանափակվել է Բայդենի հասանելիությունը նամակներին, իսկ տասնյակ ուղերձներ այդպես էլ չեն հասել հասցեատիրոջը։
Բայդենի թիմն ինքն է կապ հաստատում օտարերկրյա առաջնորդների հետ, ներառյալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Սակայն Բայդենի աշխատակիցները ստիպված են աշխատել առանց լոգիստիկայի եւ թարգմանիչների, որոնց տրամադրում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։
«Նրանք կնախընտրեին օգտագործել Պետքարտուղարության ռեսուրսները»,- հայտարարել է հեռուստաալիքի աղբյուրը՝ նշելով, որ Բայդենի թիմը երբեմն գործ է ունենում միանգամայն անսպասելի դժվարությունների։