Թբիլիսիում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ԿԸՀ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել Թբիլիսիում ԿԸՀ շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքին:
Աղբյուրի տվյալներով՝ գազի կիրառման մասին ցուցարարներին ոչ ոք չէր զգուշացրել: Դեպքի վայրում հավելյալ ջրցան մեքենաներ են տեղակայել: Հատուկջոկատայինները նախազգուշացրել են ցուցարարներին հետևանքների մասին, եթե չհեռանան:
ՆԳՆ-ն միաժամանակ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ցուցարարների դեմ համաչափ ուժ է կիրառվել, «քանի որ ակցիայի մասնակիցները բռնի մեթոդների են դիմել և չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին»:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները բողոքի ցույց են իրականացրել խորհրդարանի շենքի մոտ, այնուհետև շարժվել դեպի ԿԸՀ՝ պահանջելով նոր ընտրություններ նշանակել: