Արսեն Վենգեր. Մարադոնայի գոլը ոչ թե Աստծո ձեռքն էր, այլ՝ սատանայի
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն անդրադարձել է տեսակրկնապատկերների VAR համակարգին, ինչպես նաև վերհիշել է արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի խփած ձեռքով գոլը:
«Ես VAR-ի մեծ երկրպագու եմ և կարծում եմ, որ այն պետք է լինի: Ես քիչ չեմ տուժել մրցավարական սխալներից: Պարտություն կրելը ծանր է, սակայն ավելի բարդ է պարտվել մրցավարական սխալների պատճառով: Կփորձենք նվազեցնել սխալների քանակը:
Իմ կարծիքով, Մարադոնայի գոլը ոչ թե Աստծո ձեռքն էր, այլ՝ սատանայի: Եթե այդ խաղում գործեր VAR համակարգ, գոլը չէր արձանագրվի: Մարդիկ ցուցադրում են սխալ որոշումներ և այդ կերպ երեխաներին չեն ուղորդում ճիշտ պահվածքի»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ Դիեգո Մարադոնան Արգենտինայի հավաքականի կազմում ձեռքով գոլ էր խփել անգլիացիների դեմ աշխարհի 1986թ. առաջնության քառորդ եզրափակիչի խաղում: Սկանդալային խաղում արգենտինացիները հաղթել էին 2:1 հաշվով, իսկ հետո նաև նվաճել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ Մարադոնայի այդ գոլը ստացել էր «Աստծո ձեռք» անվանումը: Հանդիպման գլխավոր մրցավար Ալի Բենասերն էլ այդ միջադեպից հետո զրկվել էր միջազգային մրցաշարերում խաղեր սպասարկելու հնարավորությունից: