Քաղաքաշինության պետական կոմիտե. ՀՀ իշխանությունները կշարունակեն ապօրինի շինությունների դեմ պայքարը
Հայաստանի իշխանությունները կշարունակեն ապօրինի շինությունների դեմ պայքարը: Այս մասին նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում 2021թ․ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ավարտից հետո այս հարցերին կրկին ուշադրություն կդարձվի: «Այնուամենայնիվ, անօրինական շինությունը վերացնելու եւ ապօրինի շինության սեփականության իրավունքը վերացնելու իրավական հիմքերի նախապատրաստումն այժմ արդեն ընթացքի մեջ է: Մասնավորապես, կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշման մեջ փոփոխություններ են նախապատրաստվում:
Այն ունի սողանցքեր, որոնցից օգտվելով քաղաքացիներն օրինականացնում են իրենց կառույցները: Կոմիտեն պատրաստվում է վերացնել այդ սողանցքերը»,- ընդգծեց Ղուլարյանը: