Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի պատճառն ավելի շատ տնտեսական է, հայերը գործազուրկ են դարձել
Մեկ օրում՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայից Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։
«Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ճիշտ է, պատերազմական իրավիճակով պայմանավորված Թուրքիայում բավականին սրվել են հակահայկական տրամադրությունները, սակայն Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում ոչ թե դրա պատճառով, այլ երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով:
«Այո, 142 քաղաքացի երեկ առավոտյան արդեն հատել են Հայաստանի սահմանը, եկել են Հայաստան։ Պատերազմի այս օրերին Թուրքիայում շատ սրված է հայատյացությունը, բոլոր հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով հայատյացություն է քարոզվում, հայերը դրանից շատ են ազդվում։ Հատկապես նրանք, ովքեր կեցության իրավունք չունեն, բայց այդ 142 հոգու վերադարձի պատճառը ավելի շատ տնտեսական ճգնաժամն է։ Նրանք գործազուրկ էին դարձել, անգործության էին մատնվել։ Հետևաբար գլխավոր գործոնը նախևառաջ տնտեսական է»,- ասել է Էստուկյանը՝ հավելելով, որ Թուրքիայում այս պահին շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է, թուրքական լիրան շատ լուրջ անկում է գրանցել, և մարդիկ պարզապես տնտեսական դժվարությունների են մատնվել։ Հայերն էլ Թուրքիայում տարբեր աշխատանքներով են զբաղվում, առևտրով և այլ գործունեություն են ծավալում։
Էստուկյանի խոսքով՝ այս օրերին Թուրքիայում ոչ մի հակահայկական ցույցեր, ակցիաներ ադրբեջանցիների կողմից չեն կազմակերպվում այլևս։ Նման մի քանի ակցիաներ հայաշատ թաղամասերում կազմակերպվեցին պատերազմի սկսվելու առաջին օրերին, սակայն երկրի իշխանությունը հայտարարություններով է հանդես եկել և արգելել է նման միջոցառումները։
Այս օրերին Հայաստան գալու իր հերթին անհամբեր սպասող Անահիտ Վեզիրյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստել է, որ հայերի նկատմամբ ճնշումներ չկան, ամեն ինչ հանգիստ է, բայց մեկ է՝ հատկապես ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք շատ են ցանկանում վերադառնալ Հայաստան։ Նրանց հատկապես ճնշում է առավոտից երեկո լրատվամիջոցներով հակահայկական քարոզչությունը, պնդումները, մեղադրանքները, թե հայերն են առաջինը պատերազմը սկսել։ «Լուրերը պարզապես ահավոր են, անտանելի է լսելը։ Մեզ այստեղ ոչ ոք չի նեղացնում, աշխատում ենք տանից դուրս չգալ, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում հայաշատ վայրերում, որ միջադեպեր չլինեն, բայց ազերիների դրոշներն ամենուրեք կախված են։ Այդ ամենը մեզ շատ է ճնշում, դրա համար էլ ուզում ենք օր առաջ վերադառնալ»,- ասել է զրուցակիցը։