Վիեննայում մոտ 50 թուրք ներխուժել է եկեղեցի և այնտեղ «դեբոշ» կազմակերպել
Ազգությամբ թուրք մոտ 50 երիտասարդներ ներխուժել են Վիեննայի Ֆավորիտեն շրջանում գտնվող Սուրբ Անտոնիա Պադուանացի կաթոլիկ եկեղեցի, հաղորդում է Kurier թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ հինգշաբթի երեկոյան մոտ 50 չարագործ ներխուժել է եկեղեցի եւ այնտեղ «դեբոշ» կազմակերպել: Թերթը գրում է, որ հարձակվողները բղավել են «Ալլահ աքբար», հարձակվել կրպակների եւ խոստովանական սենյակի վրա: Եկեղեցու քահանայի տեղակալը ոստիկանությանը հայտնել է, որ երիտասարդները թաքնվել են մինչ ոստիկանության ժամանելը: Այնուամենայնիվ, ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը հայտնվել է տեսանյութում:
Սահմանադրության պաշտպանության հարցերի հողային գերատեսչությունում հայտնել են, որ հարձակմանը մանսակցել են մի խումբ մոլեռանդ թուրք իսլամիստներ, որոնք արդեն մի քանի ամիս է՝ ուշադրություն են գրավում օկրուգում: Ոստիկանությանը հաջողվել է պարզել 10 երիտասարդների ինքնությունը, որոնք ներգրավված են եղել հասարակական կարգի խախտման տարբեր դեպքերում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է ավստրիական տպագրության գործակալությունը: Kronen Zeitung թերթի տվյալներով՝ եկեղեցին փակ է անվտանգության նկատառումներով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը դատապարտել է միջադեպն ու պատմել ձեռնարկվող միջոցների մասին. «Մենք կպաշտանենք քրիստոնեական համայնքին մեր ուժերով: Ես անհապաղ հանձնարարել եմ հասարակական անվտանգության գլխավոր հանձնակատարին տեղեկացնել բոլոր ոստիկանական տեղամասերին ընթացիկ իրադարձությունների մասին եւ ուժեղացնել վերահսկողությունը հանրային տարածքների նկատմամբ, հատկապես՝ Ֆավորիտեն շրջանում»:
Ավելի ուշ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն անդրադարձել է միջադեպին՝ Թվիթթերի իր էջում գրելով. «Բոլոր քրիստոնյաները պետք է հնարավորություն ունենան ազատ եւ անվտանգ դավանել իրենց հավատը Ավստրիայում»:
Հիշեցնենք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, հարցազրույց տալով Բրիտանական The Telegraph, Բելգիական European Post, ամերիկյան Foreign Policy, ավստրիական Tageblatt և իտալական Il Gеornale պարբերականների թղթակիցներին, ասել էր՝
Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում, և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է: Այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրինք: