Սկանդինավյան խաղաղապահների տեղակայման պարագայում կարելի է ոչ միայն խոսել Ադրբեջանի ձախողման, այլև Կովկասում Թուրքիայի ֆիասկոյի մասին
Քաղաքագետ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայընի այսօրվա հայտարարությունը ԼՂ-ում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին ուշագրավ է այն տեսանկյունից, որ այդ զորքի մեջ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահեր հետապնդող որևէ պետության ներգրավում չի նախատեսվում։ Սա թերևս հրադադարի ապահովման բացառիկ եղանակն է, որով ոչ միայն լուծվում է կրակի դադարեցման հարցը, այլև չեզոքացվում են տարածաշրջանի խոշոր տերությունների ռազմական հետաքրքրությունները։
Այսպիսի միջանկյալ լուծմամբ կոնֆլիկտն անկախանում է տարածաշրջանային խաղերից, ինչպես նաև հույսի դուռ բացում «անջատում հանուն փրկության» կոնցեպտի կյանքի կոչման համար։
Ըստ էության, սկանդինավյան խաղաղապահների տեղակայման պարագայում կարելի է ոչ միայն խոսել Ադրբեջանի ռազմական ձախողման, այլև Կովկասում Թուրքիայի լիակատար ֆիասկոյի մասին։
Սկանդինավյան խաղաղապահների մուտքով կոնֆլիկտի սուր փուլը կհաղթահարվի, ինչը կարող է ճանապարհ բացել քաղաքական լուծման համար` նախևառաջ արևմուտքի առաջնորդությամբ։
Կոսովոյի նախադեպը հուշում է, որ եթե արևմուտքը վճռական է կոնֆլիկտը հաղթահարելու հարցում, դա ունենում է երկարաժամկետ էֆֆեկտ և բավականին արդյունավետ է լինում։ Սակայն նման հեռանկարն էլ իր հերթին բնականորեն դուր չի գալու Թուրքիա-Իրան-Ռուսաստան տարածաշրջանային աղեղին և կարող է նոր մրցակցության, ուժերի վերախմբավորման ու ճամբարների ձևավորման հանգեցնել։