Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք. Շուշան Ստեփանյան
Իմ անունով թելեգրամի կեղծ ալիք է գործարկվել, զգո՛ն եղեք, ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ գիշեր հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հիշեցնելով, որ պաշտոնական լրահոսին կարելի է հետևել իր պաշտոնական ալիքում:
Շուշան Ստեփանյանի անվամբ թելեգրամի կեղծ ալիքը քիչ առաջ ապատեղեկատվություն էր տարածել ընթացող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։