Վրաստանի Զուգդիդի քաղաքում մարդկանց պատանդ վերցրած տղամարդու հայրը որդուն հորդորել է հանձնվել ոստիկանությանը
Վրաստանի ՆԳՆ-ի կողմից բացահայտված պատանդառուի՝ Բադրի Էսեբուայի հայրը, որդուն հորդորել է հանձնվել ոստիկանությանը:
Տարիել Էսեբուան հրապարակավ դիմել է որդուն «Կվիրա» մեդիահոլդինգին տված բացառիկ հարցազրույցում:
«Որդիս, Բադրի, մենք քեզ երեկ էինք սպասում, դու չեկար: Որտեղ ե՞ս: Մենք չգիտենք քո գտնվելու վայրը: Արի որդիս, հանձնվիր ոստիկանությանը, և ամեն ինչ կպարզվի: Մենք քեզ խնդրում ենք, այլևս ասելու բան չունենք: Արի, կապվիր մեզ հետ կամ հանձնվիր ոստիկանությանը»,- ասել է Տարիել Էսեբուան «Կվիրա»-ի հրապարակած տեսաուղերձում:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ հոկտեմբերի 21-ին ավտոմատով և նռնակով զինված զինվորական համազգեստով և սև դիմակով տղամարդը ներխուժել էր Զուգդիդի քաղաքում գտնվող «Վրաստանի Բանկ»-ի մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու:
Առևանգիչը պահանջել էր կես միլիոն դոլար և անվտանգության երաշխիքներ. երկուսն էլ տրամադրվել էին նրան, որպեսզի չվտանգվի պատանդների կյանքը:
Հանցագործը, ստանալով գումարը, աձատ էր արձակել պատանդներին և կարողացել էր փախչել: