Մեքսիկայի կենտրոնական նահանգում 59 մարդու գաղտնի, զանգվածային գերեզման է հայտնաբերվել
Մեքսիկայի կենտրոնական նահանգի Սալվատիերա մունիցիպալիտետում 59 մարդու գաղտնի, զանգվածային գերեզման է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներով զբաղվող Ազգային հանձնաժողովի ղեկավար Կառլա Օսունի հայտարարությանը:
«Մենք գտել ենք գաղտնի հուղարկավորված 59 մարմին: Մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա: Խոսքը տարածաշրջանում գործող կազմակերպված հանցավոր խմբավորումների զոհերի մասին է:
2020-ի հունվարի տվյալներով՝ Մեքսիկայում ավելի քան 61 հազար մարդ համարվում է անհետ կորած: Երկրում վերջին տարիներին դիտարկվում է բռնության մակարդակի կտրուկ աճ, չնայած հանցավորության դեմ իշխանությունների պայքարի: ԱՊրիլի վերջին հանրապետության ղեկավար Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երկրի անվտանգության ոլորտում իրավիճակը ծայրահեղ ծանր էր անվանել՝ ընդգծելով, որ կառավարությունը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի այն փոխվի դեպի լավը: