Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը․ ՀՀ նախագահը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին:
«Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու եռյակի երկրների նախագահների ջանքերը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու համար ներդրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, շարունակվում են ռազմական գործողությունները ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ: Ինչպես նշեցիք, անընդունելի են խաղաղ բնակչության թիրախավորումները»,- նշեց Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին՝ ընդծելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 21-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 834 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում: