Մարդկանց գլխատելն այն է, ինչ մենք տեսել ենք Սիրիայում. Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար
Այսօր կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների առկայության, նրանց կողմից գերիների գնդակահարման և այդ տեսնյութերը համացանցում տարածելու վերաբերյալ հարցին, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ասել է. «Հրապարակված տեսանյութը սարսափելի է: Եթե դա իրականություն է, ապա կլրացնի այն, ինչ մենք տեսել ենք Սիրիայում»:
Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում տիրող իրավիճակով: Մենք անընդհատ կապի մեջ ենք կողմերի հետ՝ պաշտպանելու համար խաղաղ բնակիչների, անմեղ մարդկանց և ռազմագերիների իրավունքները»:
Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նաև շեշտել է. «Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, մենք համոզված ենք, որ այս միջոցը չի կարող արդարացնել դրված նպատակները. մարդկանց գլխատելը, քաղաքների ավերումը, անմեղ մարդկանց սպանությունը մեզ համար անընդունելի են»:
«Մենք հակամարտության երկու կողմերին էլ ասացինք, որ ժամանակին ասել ենք, որ չի կարելի թույլ տալ, որ հակամարտությունը կառավարվի դրսից: Մենք, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, փորձում ենք օգնել լուծել ճգնաժամը: Մենք հարգում ենք անմեղ մարդկանց խաղաղ ապրելու իրավունքը»,- հավելել է Խաթիբզադեն: