ՌԴ ԱԳՆ-ը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղում մարտերին վարձկանների մասնակցության մասին հարցը
ՌԴ ԱԳՆ-ը Թուրքիայի հետ շփումներում բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտերին Սիրիայից եւ Լիբիայից վարձկանների մասնակցության մասին հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյոք ռուսական կողմը շփումների ժամանակ ընդգծում է հակամարտության գոտում վարձկանների մասնակցության անթույլատրելիությունը, փոխնախարարը դրական է պատասխանել. «Իհարկե»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ը խորին մտահոգություն է հայտնել Սիրիայից եւ Լիբիայից ԼՂ մարտական գործողություններին մասնակցելու համար անօրինական զինված խմբավորումների գրոհայինների տեղակայման մասին տեղեկությունների կապակցությամբ: Մոսկվայում հայտնել են, որ նման գործընթացները ոչ միայն լարվածություն են ստեղծում հակամարտության գոտում, այլ նաեւ երկարաժամկետ սպառնալիքներ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: