Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է ծովը լցնել ավելի քան 1 մլն տոննա ռադիոակտիվ ջուր
Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է ծովը լցնել ավելի քան 1 մլն տոննա ռադիոակտիվ ջուր «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանից, որը վնասվել էր 2011 թվականի ատոմային վթարի հետեւանքով։ Այս մասին համապատասխան պաշտոնական որոշումը կընդունվի առաջիկայում, իսկ վարակված ջրի ծովը թափելը կսկսվի ամենաշուտը մեկ տարուց, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները։
Մինչեւ թափելը, ռադիոակտիվ ջուրը, որը ներկայումս պահվում է գրեթե հազար կոնտեյների մեջ, ենթարկվելու է մանրակրկիտ զտման, որի արդյունքում ջրի մեջ կմնա միայն ֆիլտրման չենթարկվող տրիտիումը։ Փորձագետների կարծիքով՝ տրիտիումը մարդկանց համար վտանգավոր է միայն մեծ չափաքանակներով, իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարծում է, որ բարեխիղճ ֆիլտրված ջուրը կարող է լցվել օվկիանոսը առանց էկոլոգիային վնաս պատճառելու։
Փորձագետների հանձնաժողովը տարեսկզբին կառավարությանն առաջարկել էր «Ֆուկուսիմայից» ռադիոակտիվ ջուրը լցնել ծովը, քանի որ դրա պահպանման տարողությունները շուտով կսպառվեն։ Նրանք դա անվտանգ գործընթաց են համարել, որը կիրառվում է նաեւ սովորական ատոմային ռեակտորների դեպքում։ Այս ծրագիրը, սակայն, առաջացրել է տեղացի ձկնորսների եւ ֆերմերների մեծ դիմադրությունը, որոնք մտավախություն ունեն, որ մարդիկ կդադարեն իրենց արտադրանքը գնել։