Հունաստանը պատրաստ է օժանդակել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացմանը
Հայաստանի եւ Հունաստանի ԱԳՆ ղեկավարները կառուցողական եւ հագեցած հանդիպում են անցկացրել: Այս մասին Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանի խոսքով՝ ընդլայնված եւ տետ-ա-տետ ձեւաչափերով հանդիպման ընթացքում քննարկվել է ինչպես ռազմական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցությունը, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով եւ միջազգային հարթակներում համագործակցությունը: Կողմերը հաստատեցին, որ երկու երկրների եւ ժողովուրդների կապերը հիմնվում են դարավոր հարաբերությունների վրա:
Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը նշեց Երեւան այցի խորհրդանշական նշանակությունը: «Մինչ ԱԳՆ ժամանելը, պատիվ ունեի հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին, եւ շատ հուզված էի: Մեր ժողովուրդները կիսում են այդ հանցագործությունների խորը ցավը: Չի կարելի մոռանալ այդ հանցագործությունները, դրանք այլեւս երբեք չպետք է կրկնվեն»,-ասաց Դենդիասը: Խոսելով Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափով համագործակցության մասին՝ նախարարը նշեց համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Կողմերը քննարկեցին նաեւ ՀՀ եւ ԵՄ հարաբերությունները: Այդ կապակցությամբ Հունաստանի ԱԳՆ ղեկավարը պատրաստակամություն հայտնեց օժանդակելու Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունները: «Հույս ունեմ շուտով Ձեզ ընդունել Աթենքում»,-ասաց Դենդիասը: