Իրական հումանիտար աղետը հենց Արցախում է. Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, ում հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի հետեւանքով առաջացած իրավիճակը:
Փոխվարչապետն անդրադարձել է պատերազմում Թուրքիայի ներգրավվածությանն ու Ադրբեջանին աջակցությանը, այդ թվում նաեւ՝ խոսել է Թուրքիայի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման արդյունքում տարածաշրջանում եւ դրանից դուրս միջազգային ահաբեկչության վտանգի մասին:
Մհեր Գրիգորյանը, շեշտելով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման փաստը, անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին եւ Շոմբի Շարփի հետ քննարկել տեղում դրա հասցեագրման հնարավորությունները: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ իրական հումանիտար աղետը հենց Արցախում է, եւ դրա հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային գործընկերների ուղղակի աջակցությունը:
Քննարկվել են նաեւ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: