Մեծ Բրիտանիայի կառավարությունը ավելի խիստ սահմանափակումներ է մտցրել Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ավելի խիստ սահմանափակումներ է մտցրել Լոնդոնում`փորձելով զսպել կորոնավիրուսի արագ տարածումը, հաղորդում է CNBC-ն:
Ուրբաթ կեսգիշերից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը կանցնի տագնապի, այսպես կոչված, «բարձր» մակարդակի: Սա նշանակում է, որ Եվրոպայի ամենահարուստ քաղաքում միլիոնավոր մարդիկ չեն կարողանա հանդիպել իրենց ընտանիքից դուրս որեւէ մեկի հետ:
Արգելվել են ավելի քան վեց հոգու հավաքները փողոցում, այդ թվում` այգում կամ այլ վայրում, նաեւ անհրաժեշտ է կրճատել ուղեւորությունների քանակը:
Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հինգշաբթի Համայնքների պալատում օրենսդիրների առջեւ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ վիրուսը այժմ «էքսպոնենցիալ» է տարածվում Մեծ Բրիտանիայում, իսկ համավարակի սպառնալիքը շարունակում է «լուրջ» մնալ: «Լոնդոնում վարակման մակարդակը կտրուկ աճում է, եւ դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ»,- ասել է Հենքոկը:
Հենքոկը նշել է, որ Լոնդոնը պատրաստվածության «բարձր» մակարդակ տեղափոխելու կառավարության որոշումը հետեւել է միջկուսակցական խորհրդի ղեկավարության եւ ազգային ու տեղական առողջապահական պաշտոնյաների հետ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի բանակցություններին:
Անգլիայի մեծ մասը դեռ գտնվում է պատրաստվածության «միջին» մակարդակում, որը թույլ է տալիս ձեռնարկություններին շարունակել աշխատանքը: